Համաժողովը մեկնարկեց Wilco-ի կողմից կազմակերպված երեկույթով, որը, պաշտոնական մեկնարկին ընդառաջ, շուկայի մասնակիցներին հնարավորություն ընձեռեց ծանոթանալ և մասնագիտական քննարկումներ վարել ոչ ֆորմալ միջավայրում։
Հիմնադրումից ի վեր «Capital Markets Armenia» ամենամյա համաժողովն արդեն հասցրել է դառնալ Հայաստանի և ավելի լայն տարածաշրջանի կապիտալի շուկաների զարգացմանը նվիրված կարևոր մասնագիտական հարթակներից մեկը։
Այս տարի ևս այն համախմբել էր կարգավորող մարմինների, առաջատար առևտրային բանկերի, կապիտալի կառավարման և ներդրումային ընկերությունների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների։
Քանի որ Հայաստանը շարունակում է իրականացնել կապիտալի շուկայի ընդլայնման և միջազգային ֆինանսական համագործակցության ամրապնդման իր ռազմավարությունը, համաժողովը հնարավորություն տվեց փոխանակել տեսակետներ, քննարկել շուկայի հեռանկարները և բացահայտել նոր ներդրումային հնարավորություններ։
Համաժողովը բացվեց Wilco Wealth Management-ի գլխավոր տնօրենի տեղակալ Օլգա Օմելչենկոյի ողջույնի խոսքով, ով ընդգծեց նման հարթակների կարևորությունը ֆինանսական շուկաների զարգացման համար․
«Այսպիսի միջոցառումները ծառայում են որպես մասնագիտական երկխոսության և գաղափարների փոխանակման հարմար հարթակներ։ Դրանք խթանում են ոլորտի առաջընթացը՝ մեզ հնարավորություն տալով կիսվել փորձով, քննարկել գործընկերության նոր հնարավորություններ և միասին ձևավորել կապիտալի շուկաների ապագան», — ասել է նա:
Քննարկման առարկա դարձան․
- Արհեստական բանականության (AI) ոլորտում ներդրումները
Ամպային ծառայություններ մատուցող խոշոր ընկերությունների կողմից AI ենթակառուցվածքների վրա ծախսերը շարունակում են աճել կտրուկ տեմպերով։ Կանխատեսվում է, որ 2023թ․-ի 149 մլրդ ԱՄՆ դոլարից՝ 2026թ․-ին դրանց ծավալը կհասնի մոտ 659 մլրդ ԱՄՆ դոլարի։ Թեև այս պարագայում ակնհայտ շահառուները չիպեր և ենթակառուցվածքներ արտադրողներն են, սակայն ծրագրային ապահովման ոլորտի որոշ հատվածներում նկատվել են խորը փոփոխություններ, որոնք ժամանակի ընթացքում կարող են ստեղծել շահույթ ստանալու յուրօրինակ հնարավորություններ։
- Միջազգային բաժնետոմսերի նկատմամբ հետաքրքրության վերականգնումը
ԱՄՆ շուկայի երկարամյա գերակայությունից հետո միջազգային շուկաները, հատկապես Ասիայում և Եվրոպայի որոշ հատվածներում, կրկին հայտնվում են ուշադրության կենտրոնում։ Սա պայմանավորված է ակտիվների արժեքի նկատմամբ սպասումների ու շուկայական գնահատման տարբերություններով, դիվերսիֆիկացման հոսքերով և կառուցվածքային միտումներով, ինչպիսիք են՝ դոլարից աստիճանական հեռացումը։
- Մակրոտնտեսական անորոշություն և տոկոսադրույքներ
ԱՄՆ տոկոսադրույքների ապագա ուղղության, մաքսային քաղաքականության և Դաշնային պահուստային համակարգի ղեկավարության հնարավոր փոփոխությունների շուրջ հարցերը առաջիկա եռամսյակներում շարունակելու են մնալ շուկաների կարևոր շարժիչ գործոններ։
- Ոսկին՝ մակրոտնտեսական նոր միջավայրում
Կենտրոնական բանկերի պահանջարկը, աշխարհաքաղաքական անորոշությունը և արժութային դիվերսիֆիկացիան շարունակում են ամրապնդել ոսկու դերը ներդրումային պորտֆելներում։
«Ոսկին, հավանաբար, կմնա գնային բարձր տատանողականությամբ ակտիվ։ Այն կարող է կարևոր դեր խաղալ պորտֆելներում, սակայն անհրաժեշտ է այս ներդրումներին մոտենալ մտածված և հաճախ որոշակի հեջավորման կիրառմամբ», նշել է Դենիս Ագապոնովը։